14 հունիսի 2025 - 11:23 AMT
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է արտահոսքը Նաթանզում, բայց օբյեկտից դուրս՝ ճառագայթման մակարդակը նորմայի սահմանում է

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ–ն հաղորդել է ճառագայթային և քիմիական աղտոտման մասին Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող ուրանի հարստացման գործարանի որոշ հատվածներում։ Սակայն օբյեկտից դուրս՝ ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է, հայտնում է Deutsche Welle-ն։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, ասել է, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է փորձարարական վառելիքի հարստացման գործարանի վերգետնյա շինությունը, որտեղ Իրանը հարստացրել է ուրանը մինչև 60% մակարդակի (U-235):

Գրոսսին նշել է նաև, որ ամբողջովին ոչնչացվել է օբյեկտի էներգետիկ ենթակառուցվածքը, ներառյալ էլեկտրական ենթակայանը, հիմնական սնուցման շենքը, արտակարգ աղբյուրները և պահուստային գեներատորները։ Նա հավելել է, որ այս տեղեկությունները տրամադրվել են Իրանի իշխանությունների կողմից և փոխանցվել գործակալությանը։

Միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նշել է, որ ներկայիս տվյալներով՝ չվնասված են մնացել ստորգետնյա սրահները, ներառյալ՝ կասկադային սրահը, որտեղ գտնվում են փորձարարական հարստացման սարքավորումների մի մասը, ինչպես նաև՝ հիմնական հարստացման համակարգը։

«Այնուամենայնիվ, կասկադային սրահի սնուցման կորստով կարող էին վնասվել այնտեղ գտնվող ցենտրիֆուգները»,–ասել է նա։

Գրոսին հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ընդգծվել է, որ միջուկային օբյեկտների վրա հարձակվելը անընդունելի է ցանկացած պատրվակի դեպքում։

Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։