14 հունիսի 2025 - 13:08 AMT
Սյունիքում ռադիոակտիվ ֆոնը չի փոփոխվել

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման ֆոնին Հայաստանի հարավում ռադիացիոն ֆոնը չի փոխվել: Այդ մասին հայտնել է ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը։

Նշվում է, որ իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիք՝ Մեղրիում, Ագարակում և Քաջարանում դոզիմետրիկ չափումներ կատարելու համար։

«Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել, սակայն կենտրոնը շարունակում է վերահսկել իրավիճակը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը՝ ՄԱԳԱՏԵ–ն հաղորդել է ճառագայթային և քիմիական աղտոտման մասին Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող ուրանի հարստացման գործարանի որոշ հատվածներում։ Սակայն օբյեկտից դուրս՝ ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է: գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, ասել է, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է փորձարարական վառելիքի հարստացման գործարանի վերգետնյա շինությունը, որտեղ Իրանը հարստացրել է ուրանը մինչև 60% մակարդակի (U-235):