Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և դրան այլընտրանք չկա։
Նա ասել է, թե «Ադրբեջանի քաղաքացիների համար անցումը պետք է լինի առանց ստուգումների»։
Հաջիևը հավելել է, որ Զանգեզուրի միջանցքը Սևծովյան տարածաշրջանին է դասվում, գրում է APA-ն։
«Հիմնական սկզբունքը՝ համագործակցությունն է։ Ինչպիսի՞ն կարող է լինել համագործակցությունն առանց Զանգեզուրի միջանցքի։ Գոյություն ունեն համագործակցության մի քանի ուղիներ։ Օրինակ՝ Իրանի միջոցով։ Բայց այսօր տնտեսության մեջ բոլորը փնտրում են էժան ուղիներ, իսկ ամենաէժան ճանապարհը անցնում է Զանգեզուրի միջանցքով։
Այսօր Զանգեզուրի միջանցքը նախևառաջ անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ Ադրբեջանն արդեն լուծել է իր հարցերը։ Ուստի կարծում եմ, որ նրանք նույնպես խելամտորեն կվերաբերվեն, և միջանցքը կբացվի։ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլընտրանք չկա։
Աշխարհում կան նման օրինակներ։ Ռուսաստանից Կալինինգրադ գնացող գնացքը անցնում է Լիտվայով, բայց այն չեն ստուգում։ Ինչպե՞ս կարող է լինել, որ ինձ ստուգեն, երբ մեկնում եմ իմ երկրի մեկ տարածաշրջանից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիների համար անցումը պետք է լինի առանց ստուգումների»։
2024–ի օգոստոսին տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև փոխադարձ համաձայնությամբ որոշվել է բուն խաղաղության համաձայնագրից հանել տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Սակայն, 2025 –ի հունվարի սկզբին Ալիևը կրկին սպառնալիքներով պահանջել է տրամադրել միջանցքը, ինչպես նաև հարցը շոշափել է հունվարի վերջին՝ տրանսպորտային հարցերին վերաբերող խորհրդակցության ընթացքում։