23 հունիսի 2025 - 10:26 AMT
Աբրահամյան. Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:

Ըստ նրա՝ այդ փաստաթղթում ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» Հայաստան (փաստաթղթում որպես «Արևմտյան Ադրբեջան» է ներկայացվում):

«Հայաստանյան կառավարչի` արցախցիների իրավունքների պաշտպանությունից և, մասնավորապես, հավաքական վերադարձից ու ՀՀ-ի օկուպացված տարածքների թեմայից հրաժարվելու պայմաններում, Ադրբեջանը միջազգային օրակարգ է հրում, այսպես կոչված» «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ներառում է ներկայիս Հայաստանի զգալի մասը։

Ավելին, Ադրբեջանի` բանակցային գործընթացում դրսևորվող անհագ հավակնությունների պայմաններում, փաստաթղթի չստորագրվելն էլ ջարդվում է Հայաստանի գլխին։

Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ միակ դերն, որն ունի Հայաստանը, պարզապես հնազանդվելն ու ստացած ապտակները հանդուրժելն է»,- գրել է Աբրահամյանը։

Փաշինյանը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ Այդ այցի օրակարգը նախապես չէր հրապարակվել՝ կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչը նաև հայտարարվել էր վարչապետի կողմից։ Նա Ստամբուլում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նպատակը Մեծ Թուրանի գաղափարի իրագործումը չէ, նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։

«Մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում։ Եկեք բացենք սահմանները։ Մենք այդ ամեն ինչին մի վերնագիր ենք դնում «Թուրան», ու վերջ, գնա՜ց` վայ, վայ… Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ մեր չափով հնարավորություն տանք ապրելու»,–ասել է նա։