2 հունիսի 2009 - 19:47 AMT
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում անփոփոխ է
Ստամբուլում անցյալ շաբաթ տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր SETA կազմակերպությունը, բոլոր լրագրողները, չնայած տարաձայնություններին, կողմ էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, համագումարի ժամանակ գերիշխում էին երկու հարցեր. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ, մյուս կարծիքը` այդ երկու հարցերը պետք է փոխկապակցված լինեն:

«Համագումարը շատ բազմազան էր, ներկայացվել էին տարբեր կարծիքներ ինչպես հայկական, այնպես էլ թուրքական կողմից: Հայկական պատվիրակությունից ելույթ են ունեցել մարդիկ, որոնք կարծել են, որ մինչեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք չէ բացել հայ-թուրքական սահմանը: Թուրքական պատվիրակության կողմից բավական արմատական ելույթ է եղել ազգայնական դիրքորոշմամբ, որում ժխտվել է Հայաստանի հետ ցանկացած համագործակցության իրական անհրաժեշտությունը, թեեւ եղել են ելույթներ, որոնք ունեցել են չափազանց խաղաղ բնույթ»,- ասել է նա, նշելով, որ համագումարի ժամանակ քննարկվել է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը: «Հիմնական խնդիրը նրանում է, որ կապված է արդյոք հարաբերությունների լավացումը ղարաբաղյան հակամարտության հետ»,- ընդգծել է Իսկանդարյանը:

Համագումարի մեկ այլ մասնակցի` «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանի կարծիքով, համագումարը դրական հետեւանքներ է ունեցել թեկուզ այն պատճառով, որ դրան մասնակցել է ԼՂՀ ներկայացուցիչ, ԼՂ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը: «Թուրքական կողմը լավ էր պատրաստվել համագումարին, մասնակցում էին բարձրաստիճան դիվանագետներ, եւ, ամենակարեւորը, մենք Հայաստանի հետ հարաբերությունների առթիվ թուրքական հասարակության տարաձայնությունների ականատեսը դարձանք»,- ասել է Բեկարյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը. հայ-թուրքական հարաբերություններչը եւ ԼՂ հակամարտության կարգավորումը կապված չեն միմյանց հետ: