ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ դեռ տարիներ առաջ է մտածել ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին՝ այն համարելով պետության կամ առնվազն պետական մասնաբաժնով կառավարման ենթակա։
Նա չի բացառել, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո կարող է տրվի մասնավորին, գրում է Auroranews.am-ը։
«Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»- նշել է նա։
Նա նաև ասել է, որ ամեն ինչ օրենքով է լինելու։
«Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու»,- ասել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: