3 հունիսի 2002 - 22:49 AMT
ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Հայ եւ թուրք դիվանագետները քննարկում են սահմանի վերաբացման եւ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների բարելավման խնդիրները, որոնք ընդգրկված են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմայիլ Ջեմի առաջիկա հանդիպման օրակարգում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր այս մասին գրել է «Turkish Daily News» թերթը: Վկայակոչելով տեղեկացված աղբյուրներ` թերթը նշում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա Ստամբուլում` Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում: «Turkish Daily News»-ը գրում է, որ հայ եւ թուրք դիվանագետները պայմանավորվել են թույլ չտալ տեղեկատվական «արտահոսքեր» մինչեւ բանակցությունների ավարտը: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: