25 հունիսի 2025 - 15:41 AMT
Բագրատ սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նշվում է, որ Բագրատ սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց, նա չի ընդունում ներկայացված մեղադրանքը։

«Կարծում եմ՝ կալանքի միջնորդություն կներկայացնեն, որովհետև փաստաթղթի ու ՔԿ հաղորդագրության սկզբնական տեքստից պարզ է, որ տանելու են դեպի դրան»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

Արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալված է։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: