2 հունիսի 2009 - 23:12 AMT
Հատուկ քննչական խումբը համագործակցության կոչ է անում
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով 2009 թվականի մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի ու ԶԼՄ-ների հրապարակումներում նշված փաստերի ստուգման համար Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը դեպքերի ստուգման եւ ըստ այդմ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով նմանատիպ հայտարարությունների հեղինակներին հրավիրել է հարցաքննության, սակայն վերջիններս տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են ներկայանալ: Այդ մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայության մամլո հաղորդագրության մեջ:


Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05 ընտրատեղամասում ընտրությունների օրը ԶԼՄ-ներով հրապարակումներ են եղել, որ հիշյալ տեղամասում ծեծի են ենթարկվել «168 ԺԱՄ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը եւ դիտորդական առաքելություն իրականացնող «Թրանսփերեսի Ինտերնեշնլ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:

Ա. Ավետյանը եւ Ս. Այվազյանը, որպես վկա հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, նրանց բացատրվել է իրենց իրավունքները, սակայն տարբեր պատճառաբանություններով նրանք խուսափել են ներկայանալ նախաքննական մարմին եւ տալ ցուցմունքներ, որոնք կարող են նպաստել հրապարակումներում նշված օրինախախտումների ստուգման նպատակով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կատարելուն: Հիշեցնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վկան պարտավոր է ցուցմունքներ տալու, քննչական եւ այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով:

Հատուկ քննչական ծառայությունը ակնկալում է ընտրախախտումների ականատես, հայտարարությունների հեղինակ քաղաքացիներից, հասարակական դիտորդներից եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներից քաղաքացիական ակտիվություն եւ աջակցություն ընտրությունների ընթացքում թույլ տրված օրինախախտումների բացահայտման գործում: