8 հուլիսի 2025 - 10:23 AMT
Աջապահյանը՝ Փաշինյանին․ Ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառը

Միքայել սրբազանն իր պաշտպանական թիմի միջոցով արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանն այն մասին, որ «եթե կաթողիկոսը սրբազաններին համարում է ապօրինի կալանավորված, կիսում է ռազմական հեղաշրջում անելու պլանները»։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է․ «Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն ............... (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:

Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:

Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել: Հասկացա՞ր, այ .......... (լրացնել ըստ արժանվույն)»,–ասվում է գրառման մեջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ՀՀ իշխանություններին անհապաղ «ազատ արձակել հոգևոր եղբայրներին, ազգային բարերարին և նրանց հետ կապակցվող հայրենակիցներին և գործել բացառաբար օրենքի շրջանակներում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։