4 հունիսի 2009 - 11:37 AMT
Սանքտ Պետերբուրգում իր աշխատանքն է սկսում Միջազգային տնտեսական համաժողովը
Հինգշաբթի Սանքտ Պետերբուրգում իր աշխատանքն է սկսում Միջազգային տնտեսական համաժողովը: Այն կանցնի «Լենէքսպո»-ի ավանդական հարթակում հունիսի 4-6-ը:
Պետերբուրգի համաժողովը նվիրված է համաշխարհային զարգացման ժամանակակից փուլի արդիական հարցերին: Միջոցառման մասնակիցները կքննարկեն նոր մոտեցումներն ապագա միջազգային ֆինանսական ինստիտուտների ընկալման հանդեպ, բանկային սեկտորի զարգացման հեռանկարները, կառավարության ձեռնարկած միջոցների արդյունավետությունն ու այլ, ոչ պակաս կարեւոր թեմաներ: Առանձնակի ուշադրություն կդարձվի Ռուսաստանի դերին այս հարցերի լուծման մեջ:
Համաժողովի առաջին օրվա շրջանակներում տեղի կունենան «Ռուսաստան-արաբական աշխարհ», «Ռուսաստան-ԵՄ», եւ «Ռուսաստան-ԱՄՆ» գործարար երկխոսությունները:
Ուրբաթ օրը, հունիսի 5-ին համաժողովի «Տնտեսական օրն է», որը կսկսվի «Գլոբալ տնտեսական ճգնաժամ. առաջին դասերն ու հայացք ապագային» խորագրով ընդլայնված նիստով: Մասնակիցները կքննարկեն համաշխարհային ճգնաժամի ազդեցությունն առանձին երկրների ու համաշխարհային տնտեսության վրա, կքննարկեն համաշխարհային տնտեսական համակարգի զարգացման ուղիները, կառավարման գլոբալ ինստիտուտների փոփոխության տարբերակները:
Համաժողովի հաջորդ օրը «ֆինանսական» կլինի, այն կնվիրվի ֆինանսական կարգավորման բարեփոխմանը, տարբեր երկրների ֆինանսների նախարարությունների եւ կարգավորողների համագործակցության նոր սկզբունքների ձեւավորմանը, որոնք թույլ կտան սահմանափակել համաշխարհային համակարգային ռիսկերը: Ընդլայնված նիստի, «կլոր սեղանների» ու նստաշրջանների մասնակիցները կփորձեն գործնական լուծումներ գտնել համաշխարհային ֆինանսական համակարգի վերականգնման ու ապագա զարգացման համար:
ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւը հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Հայաստանի, Ֆինլանդիայի եւ Ֆիլիպինների նախագահների հետ: Այդ մասին Ինտերֆաքսին է հայտարարել նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Ընդհանուր առմամբ, ասել է նա, Պետերբուրգի տնտեսական համաժողովը «դարձել է առաջատար հարթակներից մեկը, որը Դավոսի տնտեսական համաժողովի հետ նույն շարքում է»: Ըստ Պրիխոդկոյի, Պետերբուրգի համաժողովի կազմակերպիչների մոտ սկզբում մտավախություններ կային, կապված նրա հետ, որ շատ խոշոր կորպորացիաներ ֆինանսական ճգնաժամի պատճառով ստիպված էին գնալ իրենց ծրագրերի կրճատման: «Սակայն ներկայացուցչական առումով այս համաժողովը համադրելի է 2008թ. համաժողովի հետ»,-ասել է Պրիխոդկոն:
Համաժողովի անվտանգությունը կապահովեն շուրջ 11 հազար ոստիկաններ ու ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի 700 զինծառայողներ, ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հաղորդել ՌԴ ներքին գործերի առաջին փոխնախարար, միլիցիայի գեներալ-գնդապետ Միխաիլ Սուխոդոլսկին:
Նա նշել է, որ «օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում նախատեսված են օպերատիվ ռեզերվներ: Հատուկ հսկողության տակ են իրավակարգի ու հասարակական անվտանգության ապահովման հարցերը»,-ասել է փոխնախարարը: Ըստ նրա, Սանքտ Պետերբուրգում համաժողովի ընթացքի ժամանակահատվածի համար ստեղծվել է օպերատիվ շտաբ, հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը: