4 հունիսի 2009 - 15:12 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական բանակցություններին ոչինչ չի խանգարում
Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները Հայաստանի հետ շարունակվում են առանց արգելակման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: «Ապրիլի 22-ին համատեղ համաձայնագրի ստորագրումից հետո շարունակվում են մեր պաշտոնական ու ոչ պաշտոնական շփումները: Մենք հուսով ենք, որ խնդիրը լուծում կստանա»,-ասել է Դավուդօղլուն ԱՄՆ-ում: Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունները կարեւոր դեր էին կատարում Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում: «Թուրքական քաղաքականությունը բաց է, ԱՄՆ-ն բարձր է գնահատում այդ քաղաքականությունը: Անկարան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման մեջ եւ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի ու բոլոր հարեւանների հետ: Նմանատիպ կարգավորում է հարկավոր նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը լուծելու համար»,-ասել է Դավուդօղլուն:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, հարցը բանակցությունների ընթացքում է: «Սահմանի բացման կոնկրետ ժամկետի նշումը մոլորության մեջ կարող է գցել»,-ասել է նա, հաղորդում է Anatolian News Agency-ն: