5 հունիսի 2009 - 18:06 AMT
Տարածքների վերադարձի մասին փաստաթուղթը բանակից լավ կապահովի ԼՂՀ անվտանգության երաշխի՞քը
ՀԱԿ ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը մամլո ասուլիսին հայտարարեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանի եւ Բաքվի հասարակությունը չի հրաժարվել «Ղարաբաղը մերն է» ձեւակերպումից:

«Հայաստանը չի կարող դառնալ անկախ երկիր, քանի դեռ չեն կարգավորվել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Հայաստանը ստեղծված իրադրության մեջ գոյատեւելու համար ռեսուրսներ չունի: Մեր երկրում տնտեսական զարգացում է հարկավոր»,- հայտնել է Սուրեն Սուրենյանց: Նա վստահ է, որ հարցը կարող է լուծվել միայն փոխադարձ զիջումների դեպքում: «Եթե պետք լինի հանձնել Արցախյան պատերազմում ազատագրած տարածքները եւ փոխարենը ստանալ անվտանգության երաշխիք, հայկական կողմը պետք է գնա այդ քայլին»,- հայտնել է նա:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ով է հանդես գալու որպես այդ անվտանգության երաշխավոր, Սուրենյանցը հայտնեց իր վստահությունը, որ տարածքների վերադարձման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված փաստաթուղթն էլ հենց կդառնա ԼՂՀ անվտանգության երաշխավորը: «Այդ փաստաթուղթը կարող է առավել հաստատապես ապահովել ԼՂՀ անվտանգության երաշխիքը, քան ուժն ու լարված իրադրությունը»,- նշել է նա:

ԼՂՀ հռչակվել է 1992թ. սեպտեմբերի 2-ին: ԼՂՀ Սահմանադրության համաձայն, Հանրապետության անվտանգության երաշխավորը օրենքով ընտրված իշխանություններն ու ԼՂՀ նախագահն են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունն ապահովում են ԼՂՀ Զինված Ուժերը: Մինչեւ ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումն ու սահմանների ճշտումը, հասարակական իշխանությունն իրականացվում է փաստացիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության ներքո գտնվող տարածքում, որն իր մեջ ներառում է 7 շրջաններից բաղկացած անվտանգության գոտին: