6 հունիսի 2009 - 16:59 AMT
Պետության հանդեպ վստահությունը բխում է նրա քաղաքացիների հուսալի պաշտպանությունից
Այսօր Աղվերանում իր աշխատանքն է սկսել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԶԼՄ եւ քաղաքացիական հասարակության համագործակցությանը նվիրված սեմինարը: Սեմինարը կազմակերպվել է Երեւանյան մամլո ակումբի կողմից Ֆրիդրիխ Էբերտի Հիմնադրամի հետ համատեղ, եւ դրա աշխատանքին մասնակցում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, զանգվածային լրատվական միջոցների եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Գրիգոորի Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանի եւ Հայաստանի ԶԼՄ-ների համագործակցությանը: Շոշափելով հասարակության եւ պետական կառույցների փոխհարաբերությունների թեման` զեկուցողը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս նրանց միջեւ չվստահելու որոշակի միտում կա:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե կոնկրետ ինչպիսի քայլեր է ձեռնարկում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, որպեսզի բարձրացնի բնակչության վստահությունը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հանդեպ, Գրիգորյանը հայտնել է, որ օմբուդսմենի ողջ աշխատանքն ուղղված է հենց այդ վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը: «Պետության հանդեպ վստահությունը ծագում է այն պահին, երբ երկրի քաղաքացիները գիտեն, որ իրենց իրավունքները հուսալիորեն պաշտպանված են»,- ընդգծել է Գրիգորյանը:

Օրվա երկրորդ կեսին «Մարդու իրավունքների հետ կապված դրությունը Հայաստանում: Հայացք քաղաքացիական հասարակության կողմից» թեմայով զեկույցով հանդես կգա նաեւ Հայաստանի Հելսինկյան Հանձնաժողովի ղեկավար Ավետիք Իշխանյանը: