9 հունիսի 2009 - 18:41 AMT
Հայաստանի նախագահը ողջունում է «France Telecom»-ի մուտքը հայկական շուկա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «France Telecom» (Orange ապրանքանիշ) ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեին եւ «Orange Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյուտային: Երկրի նախագահը ողջունել է նոր օպերատորի մուտքը հայկական շուկա եւ համոզվածություն հայտնել, որ այս իրադարձությունը նոր մակարդակի վրա կբարձրացնի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները եւ տնտեսության այլ ոլորտների զարգացման համար հիմք կհանդիսանա: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հայաստանի նախագահը նաեւ նշել է, որ երրորդ օպերատորի մուտքը շուկա կհանգեցնի ծառայությունների բազմազանության, մրցակցության մեծացման, նոր ներդրումների, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծման: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել խնդիրների լուծմանը, որոնք կարող են առաջանալ ընկերության գործունեության ընթացքում: