3 հոկտեմբերի 2025 - 16:39 AMT
Ալբանիայի վարչապետը՝ Թրամփի հետ կապված կատակի մասին․ Հումորի պահ էր, պետք չէ խայթոցի վերածել

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հումոր է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր կատակը` նշելով, որ արդար չէ լուրջ ընդունելը։

Ավելի վաղ Թրամփը հարցազրույցում Հայաստանը շփոթել էր Ալբանիայի հետ։ Դրան անդրադառնալով՝ հոկտեմբերի 2-ին Դանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Ռաման, զրույց ունենալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կատակով Մակրոնին հարցրել էր՝ ինչու իրեն չի շնորհավորել Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու կապակցությամբ։

«Իրոք զարմանալի է, թե ինչպես են աշխատում այսօրվա լրատվամիջոցները, և այսպես կոչված «վիրուսայնությունը» ինչպես կարող է այդքան հեշտությամբ խեղաթյուրել իրականությունը: Հումորով, ընկերական տոնով ասված արտահայտությունը հանկարծ դառնում է համաշխարհային մասշտաբի վերնագիր, իսկ մնացած ամեն ինչ՝ իրական էությունը, կորցնում է իր նշանակությունը», - գրել է Ռաման սոցցանցում, հայտնում է Sputnik Արմենիան։

Ռաման հավելել է, որ հաճելի է եղել հանդիպել հին բարեկամ Իլհամ Ալիևին և Մակրոնի ներկայությամբ հիշատակել Թրամփի այն վրիպումը, թե իբր նույնիսկ Ալբանիան խաղաղություն է հաստատել Ադրբեջանի հետ, այն դեպքում, երբ Ֆրանսիայի նախագահը երկար տարիներ աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ուղղությամբ։

«Թեթև դիտողություն, ընկերական պահ։ Իհարկե, սարսափելի բան չկա, որ դա տարածվել է, բայց դա քաղաքական խայթոցի վերածելը պարզապես արդար չէ։ Եկեք պարզենք իրավիճակը: Ճշմարտությունն այն է, որ նախագահ Թրամփը իրեն դրսևորեց որպես առաջնորդ, որը տարիներ անց Արևմուտքի բառապաշար վերադարձրեց «խաղաղություն» բառը: Եվ, այո՛, զարմանալիորեն կարճ ժամանակում նա հասավ խաղաղության այնտեղ, որտեղ մյուսները փորձել էին, բայց ձախողվել, և շարունակում է անխոնջ ձգտել դրան», - ընդգծել է Ռաման։

Վերջում նա նշել է, որ ռեպլիկների փոխանակումն ընդամենը «լավ հումորի րոպե» է եղել այն մարդկանց շրջապատում, ովքեր, ըստ նրա, հանդիսանում են Թրամփի ամենավստահելի կողմնակիցները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի միջև նախաստորագրած համաձայնագրի մասին, մի քանի անգամ շփոթել է և Հայաստանը անվանել «Ալբանիա»։ Սեպտեմբերի 22–ին նա ասել է, թե դադարեցրել է «Ալբանիայի սարսափելի պատերազմը» Կամբոջայի հետ։

Սեպտեմբերի 18–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստանն Ալբանիայի հետ՝ խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նա ասել է այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ ղեկավարը նմանատիպ սխալ էր թույլ տվել նաև Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը նման սխալ էր թույլ տվել նաև օգոստոսին՝ ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում։

Photo. AFP via Getty Images