9 հունիսի 2009 - 21:02 AMT
Գագիկ Ծառուկյանը պարգեւատրել է ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին
Այսօր Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրել է ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին:

Այսպիսով, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը (69 կգ ք/կ) ստացել է խոստացված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Դրամական պարգեւատրումներ են ստացել Եվրոպայի փոխչեմպիոններ Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մրցանակակիր Սմբատ Մարգարյանը, ինչպես նաեւ ծանրամարտիկների մարզիչները եւ բժիշկները:

Երախտագիտության խոսքով հանդես է եկել Առաքելի հայրը եւ անձնական մարզիչ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, նշելով, որ նման խրախուսումը խթան է հանդիսանում ավելի համառ աշխատանքի եւ նոր հաջողությունների հասնելու համար:

Գագիկ Ծառուկյանը համոզվածություն է հայտնել, որ Առաքելը գնալու է հոր ճանապարհով եւ կարողանալու է նվաճել չեմպիոնի տիտղոսն աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը տեղի է ունենալու Բուխարեստում հունիսի 12-19-ը: