10 հունիսի 2009 - 21:27 AMT
Հայաստանի առաջին մասնակցությունը Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոտոնավաճառին բավական արգասաբեր է եղել
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոտոնավաճառին, որը տեղի է ունեցել մայիսի 12-22-ը: Կինոտոնավաճառին ներկայացվել են գեղարվեստական, փաստագրական եւ անիմացիոն ֆիլմեր, որոնք ստեղծվել են վերջին երեք տարիների ընթացքում:
«Ես չէի սպասում հայկական համեստ տաղավարի նկատմամբ այդպիսի մեծ հետաքրքրություն: մենք համագործակցության շուրջ 30 առաջարկներ ենք ստացել»,- այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն եւ Կաննի փառատոնում հայկական պատվիրակության ղեկավար Գեւորգ Գեւորգյանը:
Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոտոնավաճառին Հայաստանը ներկայացրել է 30 ֆիլմեր, որոնցից մի քանիսը ներկայացվելու են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Սեուլի, Վենետիկի կինոփառատոներին:
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքերով, հայկական կինոյի նկատմամբ այդպիսի բարձր հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ «աշխարհի տարբեր կինոստուդիաներում աշխատում են մեր հայրենակիցները, որոնք անձամբ հետաքրքրված են հայկական կինեմատոգրաֆիայի զարգացմամբ»:
«Միջազգային տոնավաճառին մասնակցելը ցավալի սխալներից զերծ չմնաց: Հայկական ֆիլմերի ցուցադրման ժամանակ ավելի քիչ հանդիսատես կար, քան սպասվում էր: Կինոդահլիճների վարձույթը եւ պրոդյուսերներին հրավիրելն անհրաժեշտ է ավելի շուտ իրականացնել, քանի որ հետո բոլորի ժամանակացույցերում ազատ տեղ չի լինում»,- նշել է Գեւորգ Գեւորգյանը: