11 հունիսի 2009 - 14:04 AMT
Երեւանի քաղաքապետը երդվել է հավատարմորեն ծառայել իր քաղաքին եւ երեւանցիներին
Այսօր առավոտյան կայացել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի երդման արարողությունը: Արարողությունն ընթացել է հանդիսավոր պայմաններում քաղաքապետարանի դահլիճում, ուր հրավիրվել էին Հայաստանի կառավարության եւ խորհրդարանի անդամները, բազմաթիվ հյուրեր: Երդման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Երդման արարողությունը սկսվել է Հայաստանի օրհներգով, որից հետո նորընտիր քաղաքապետին Երեւանի պատվավոր քաղաքացիներ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ու դերասան Վլադիմիր Մսրյանը հանձնել են շղթա մեդալիոնով: Հնչել է Երեւանի օրհներգը, եւ Գագիկ Բեգլարյանը ՀՀ «Երեւանի մասին» օրենքի վրա երդվել է հավատարմորեն ծառայել քաղաքի բնակիչներին` իր ողջ գործունեությունն ուղղորդելով քաղաքի բարորությանն ու բարգավաճմանը: Գագիկ Բեգլարյանին քաղաքի կառավարման համար իր օրհնությունն է տվել ՀԱԵ Արարատի Հայրապետական թեմի արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյան:

Շնորհակալություն հայտնելով կուսակցության իր կողմնակիցներին եւ ընտրողներին, Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ «ինքն ամեն ինչ կանի իրեն ցույց տրված վստահությունն արդարացնելու համար»: «Քաղաքի իրական տերեը ոչ քաղաքապետն է, ոչ էլ Ավագանիների խորհուրդը, այլ իրենք` երեւանցիները: Ես գիտեմ, որ մայրաքաղաքի բնակիչները մեծ սպասելիքներ ունեն քաղաքի ղեկավարությունից, եւ քաղաքի առջեւ բազմաթիվ խնդիրներ են ծառացել: Մենք մտադիր չենք դրանք առանց ուշադրության թողնել», - իր ելույթում հայտարարել է նորընտիր քաղաքապետը:

Գագիկ Բեգլարյանին շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: