11 հունիսի 2009 - 21:22 AMT
Առաքել Միրզոյան. Ես գերազանց մարզավիճակում եմ եւ հաղթանակի եմ տրամադրված աշխարհի առաջնությունում
Ծանր ատլետիկայի Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանն (69 կգ ք/կ) իր անձնական մարզչի եւ հոր` Օգսեն Միրզոյանի ղեկավարությամբ հունիսի 14-ին ժամանելու է Բուխարեստ, որտեղ հունիսի 12-21-ը տեղի է ունենալու ծանր ատլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Միրզոյանը, նա գտնվում է գերազանց մարզավիճակում եւ պատրաստ է նոր տիտղոսի համար պայքարին:

«Մենք Ռումինիա ենք ժամանում հունիսի 14-ին, քանի որ իմ քաշային կարգում մրցությունը մեկնարկում է հունիսի 17-ին: Տվյալ պահին ես գերազանց մարզավիճակում եմ եւ հաղթանակի եմ տրամադրված աշխարհի առաջնությունում: Հուսով եմ, որ կկարողանամ գերազանցել իմ նախկին արդյունքը»,- նշել է Միրզոյանը:

Միրզոյանն աշխարհի պատանեկան նախկին առաջնության ժամանակ, որը տեղի էր ունեցել 2008-ի հունիսին Կոլումբիայի Կալի քաղաքում, նվաճել էր աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Իսկ Եվրոպայի առաջնության ժամանակ, որը տեղի էր ունեցել 2009-ի ապրիլին Բուխարեստում, հանդես գալով երկրի հիմնական հավաքականի կազմում, երկամարտի արդյունքում բարձրացրել էր 336 կգ եւ արժանացել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: