12 հունիսի 2009 - 15:15 AMT
Համաշխարհային Բանկը 2010 թվականին կանխատեսում է Հայաստանում տնտեսական աճ 1,5-2 տոկոս
«2010 թվականին մենք ակնկալում ենք ՀՆԱ-ի աճ 1,5-2 տոկոսի սահմաններում», - լրագրողներին ուրբաթ օրը հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: «2009 թվականի արդյունքներով, Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 9-9,5 տոկոս, տարվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա, իսկ 2010 թվականի վերջին մենք ակնկալում ենք աճ 1,5-2 տոկոսի սահմաններում», - ասել է նա:

Այդ առնչությամբ Վարուդակիսն ավելացրել է, որ Համաշխարհային բանկի կանխատեսումներով սպասվում է տնտեսական աճի արագացում 2011-2012 թթ. սակայն առավել կոնկրետ ցուցանիշները կախված կլինեն աշխարհում տնտեսական իրավիճակից:

Հայաստանում տնտեսական անկումը 2009 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել էր 9,7 տոկոս մակարդակում` 2008 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: