12 հունիսի 2009 - 18:25 AMT
Հայաստանը կարող է դոնորներ փնտրել այլ քաղաքներում
Հայաստանի ֆինանսավորումը դադարեցնելու մասին «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության որոշումը կապված չէ վերջերս տեղի ունեցած Ավագանու խորհրդի ընտրությունների հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Նախ, փոխվել է ընկերության ղեկավարությունը, որը, հնարավոր է, փոխել է իր մոտեցումը որոշ հարցերի հանդեպ: Երկրորդը, մարտի 1-2-ի դեպքերը եւ հետագա զարգացումները լրջորեն ազդել են Հայաստանի իմիջի վրա, իսկ իմիջը բարելավելը դժվար է»,- նշել է քաղաքագետը:

Նրա խոսքով, Հայաստանի ֆինանսավորման դադարեցումը չի օգնի հանրապետության ժողովրդավարության զարգացմանը: «Դա երկրի ընդդիմությանն ու իշխանությանն ավելի լավ ու ժողովրդավարական չի դարձնի: $70 միլիոնը շատ մեծ գումար չէ, բայց ճգնաժամի պայմաններում փողն, իհարկե, հարկավոր է: Նման որոշումը քաղաքական կորտուստ է Հայաստանի համար, բայց երկիրը կարող է դոնորներ փնտրել նաեւ այլ երկրներում»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետի կարծիքով, նման որոշման ընդունումը հետեւանքը չէ այն բանի, որ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Հայաստանի եւ մի քանի հետխորհրդային երկրների չմասնակցելը ՆԱՏՕ-ի զորավարժություններին այնքան հասկանալի էր, որ դա ոչ մի կերպ չէր կարող դառնալ Հայաստանի ֆինանսավորման դադարեցման պատճառը»,- նկատել է Կովկասի Ինստիտուտի տնօրենը:

Ամերիկյան ,Հազարամյակի մարտահրավերներե ընկերությունը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը: Այդպիսի որոշում է ընդունվել ընկերության տնօրենների խորհրդի` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացած նիստին: Ընկերության գլխավոր տնօրեն Ռոդնի Բենտի խոսքով, այդպիսի որոշման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական կառավարման զարգացման վերաբերյալ ընկերության սկզբունքներին: