12 հունիսի 2009 - 19:55 AMT
Օգոստոսին «Ռեինկարնացիան» թողարկում է ռեգգի ոճով երկրորդ ալբոմը
Հայկական «Ռեինկարնացիա» խումբն օգոստոսին թողարկում է ռեգգի ոճով երկրորդ ալբոմը` կազմված 11 ստեղծագործություններից: Ռեգգի ոճում հանդես եկող առաջին հայկական խմբի առաջին ալբոմը կոչվում էր «60 կմ Ջանֆիդայից Ջամայկա», իսկ երկրորդ ալբոմի անվանումը դեռ որոշված չէ:

Ինչպես նշել է այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, խումբը 9 տարվա գոյության ընթացքում բազմիցս կերպարանափոխվել է եւ 3 տարի առաջ սկսել է ռեգգի նվագել:

«Ես մարդ եմ, որը սիրում է փորձարկումներ ե'ւ կյանքում, ե'ւ երաժշտության մեջ: Այս կերպարանափոխությունը կապված է նրա հետ, որ ես ուղղակի սկսեցի ապրել ռեգգի ոճով»,- այդպես է բացատրել է խմբի ոճի փոփոխությունը Ռոլանդ Գասպարյանը:

Այսօր խմբում նվագում են 8 երաժիշտներ, բակց մոտ ապագայում խմբի կազմի մեջ մտնելու են 21 երաժիշտներ:

«Հուսով եմ, որ Հայաստանում ռեգգի ոճում հանդես եկող շատ խմբեր են գործելու, չէ որ ռեգգիի օգնությամբ քարոզում են հույս, սեր եւ հավատ, ինչի կարիքը շատերն ունեն մեր քաղաքում»,- ասել է «Ռեինկարնացիա» խմբի մենակատարը: