13 հունիսի 2009 - 17:52 AMT
Հայ շախմատիստուհիները կորցրել են «Չիբուրդանիձեի գավաթում» հաղթելու հնարավորությունը
Մայա Չիբուրդանիձեի անվան միջազգային շախմատային մրցաշարի 8-րդ նախավերջին փուլում հայ շախմատիստուհիները կորցրել են հաղթելու բոլոր հնարավորությունները: Նրանցից ամենախոստումնալից Լիլիթ Գալոյանը պարտվել է Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկին, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել վրացուհի Միրանդա Միկաձեի հետ, եւ միայն Սիրանուշ Անդրեասյանին հաջողվել է հաղթանակ տանել Ինգա Խուրտսիլավայի նկատմամբ:

Այսպիսով, Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչները վերջին 9-րդ փուլից առաջ ունեն 5 միավոր` հետ մնալով մրցաշարի միանձնյա առաջատար Բելլա Խոտենաշվիլիից 1.5 միավորով:

9-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը կհանդիպեն վրացուհի Ալեքսանդրա Վախանիայի եւ համապատասխանաբար Նինո Խուրցիձեի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը կխաղա ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ: