15 հունիսի 2009 - 14:41 AMT
Արագ արձագանքման հավաքական ուժերը պետք է կարողանան լուծել ամենատարբեր խնդիրներ
«Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրի ստորագրումը թույլ կտա մեր երկրներին շատ ավելի արդյունավետ արձագանքել ամենալուրջ սպառնալիքներին, այն է` միջազգային ահաբեկչությանը, լոկալ ու անդրսահմանային հանցավորությանը, թմրանյութերի շրջանառությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտություններին»,-Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:

Նրա խոսքերով, ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որն արտացոլում է մոտեցումների միասնությունը այժմէական միջազգային հարցերին, գնահատական է տրվում ընթացիկ քաղաքական իրավիճակին, միջազգային վիճակին, հաշվի առնելով այն տարածաշրջանային սպառնալիքները, որոնք առկա են ՀԱՊԿ գոտում: «ՀԱՊԿ անդամ պետությունների ձգտումն առավել սերտ համակարգմանը արտաքին քաղաքականության ոլորտում մեր երկրների անվտանգության ամրապնդման ընդհանուր գրավականն է»,-ասել է ՌԴ նախագահը:

Անդրադառնալով ԱԱՀՈւ-ին, Դ.Մեդվեդեւն ասել է, որ դրանք պետք է ճկուն լինեն, միեւնույն ժամանակ բավարար արձագանքելու համար հիմնական, ամենալուրջ սպառնալիքներին: «ԱԱՀՈւ-ն պետք է ունակ լինի լուծելու ամենատարբեր խնդիրները, զինված լինի ռազմական տեխնիկայի վերջին խոսքով, բոլոր անհրաժեշտ պարագաներն ունենա արդյունավետ գործելու համար: Եվ այն, ինչ մենք այսօր արեցինք, ստորագրելով ԱԱՀՈւ-ի մասին համաձայնագիրը, առաջին քայլն է, ուղղված այն ուժերի ստեղծմանը, որոնց հետո հաշվի կնստեն եւ որոնք իրապես կկարողանան ետ մղել տարբեր սպառնալիքները»,-հայտարարել է Մեդվեդեւը:

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ՀԱՊԿ նախագահի պաշտոնում մեծ եւ արդյունավետ աշխատանքի համար: