15 հունիսի 2009 - 14:41 AMT
Երեք ամսվա ընթացքում կմշակվեն Հայաստանում եվրոպական ինտեգրման վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության ընդհանուր դրույթները
Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության մշակման աշխատանքային խումբը հունիսի 15-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ռազմավարության մշակման հետ կապված աշխատանքային հարցեր:

Արթուր Բաղդասարյանն առաջարկել է եռամսյա ժամկետում քննարկման ներկայացնել ռազմավարության ընդհանուր դրույթները, դրանք քնարկել շահագրգիռ կառույցների հետ, իսկ 2010 թվականին լրամշակված փաստաթուղթը ներկայացնել հաստատման: Ռազմավարության հաստատմանը կհետեւի Երեւանում եւ մարզերում Եւրամիության տեղեկատվական կենտրոնների ստեղծումը:

Եւրամիության` աշխատանքային խմբում ներգրավված փորձագետները պատրաստակամություն են հայտնել աջակցել ռազմավարության մշակման եւ ԵՄ տեղեկատվական կենտրոնների ստեղծման աշխատանքներին` նշելով, որ դրանք կարեւոր նշանակություն կունենան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը: