16 դեկտեմբերի 2025 - 10:51 AMT
ՊՆ-ն հերքել է՝ Մեղրիում ներթափանցման փորձ չի եղել․ «Անփառունակ ծառայությամբ անձի հայտարարությունը ապատեղեկատվություն է»

Պաշտպանության նախարարությունը հերքել է Մեղրիի զորամասի ուղղությամբ հակառակորդի կողմից ներթափանցման փորձի մասին ԶՈւ պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:

ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:

Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»,- գրել է մամուլի քարտուղարը։

Գևորգյանը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել ՀՀ ԶՈւ-ի կողմից՝ միաժամանակ վերադասի կողմից տրվել է «չկրակել» հրաման, գրում է Sputnik Արմենիան։