15 հունիսի 2009 - 19:27 AMT
Ղարաբաղյան հիմնահարցը չպետք է լուծվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ
«Մենք դեռ երկար ենք վճարելու մեր իշխանությունների սխալների համար, քանի որ այն փորձագետները, որոնք մշակում են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները, այդպես էլ չկարողացան հասկանալ, որ ներքաշվում են թուրք-ադրբեջանական շատ վտանգավոր խաղի մեջ, եւ իշխանությունները չեն կարող գլուխ հանել այդ խաղի ներքին նրբություններից»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

Կարապետյանը նշել է, որ նա հավաստի տեղեկատվություն ունի այն մասին, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարը դեռ 2008-ի վերջին հավաքել է Ադրբեջանի բոլոր նահանգապետերին եւ հրամայել է սկսել Թուրքիայի նկատմամբ բացասական քաղաքականության նմանակում: Մասնավորապես, Կարապետյանի խոսքերով, կազմակերպվել է խաղ, որը կապված է Ադրբեջանում թուրքական այբուբենի օգտագործման քննադատության հետ, որի հիմքում ընկած է լատիներենը: «Սա ընդամենը թուրք-ադրբեջանական լավ մտածված խաղ է, որոնց թիկունքում կանգնած են Իսրայելը եւ Ադրբեջանը»,- հայտարարել է նա:

Արամ Կարապետյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են մի գնդակով երկու նպաստակ սպանել` լուծելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ: «Սակայն ակնհայտ է, որ այդ հարցերը չեն կարող լուծվել զուգահեռ, քանի որ խոսքը գնում է միանգակայն տարբեր գործընթացների մասին»,- հայտարարել է Կարապետյանը: