15 հունիսի 2009 - 19:41 AMT
Իրանում փորձում են «թավշե հեղափոխություն» իրականացնել
Իրանում, ինչպես եւ տարածաշրջանի մյուս երկրներում, փորձում են «թավշե հեղափոխություն» իրականացնել, որն արդեն դարձել է XXI դարի խորհրդանիշը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը: «Զանազան հաղորդագրությունների համաձայն, Իրանում արդեն ձերբակալվել է մոտ 500 ակտիվիստ, բայց իրադրությունը վերահսկվում է: Բողոքների ալիքն արդեն ստացել է իր անունը` «կանաչ հեղափոխություն», ինչն Արեւմուտքին անհանգստության տեղիք է տալիս: Ինչպես եւ բոլոր «թավշե հեղափոխությունները», այստեղ նույնօես հիմնական դերը խաղում է երկրի երիտասարդությունը»,- ընդգծել է իրանագետը: Նրա խոսքով, այսօր Իրանի երիտասարդությունը, որը պայքարում է Միր-Հոսեյն Մուսավիի համար, ծանոթ չէ նրա աշխատանքի մեթոդներին: «Մինչդեռ երիտասարդության ներկայացուցիչները հիշում են Մուհամեդ Հատամիի իշխանության տարիները եւ այսօր նրանք ցանկանում են պետության ղեկավարի պաշտոնում տեսնել մի մարդու, որը կկարողանա երկիրը դուրս բերել ներկայիս դրությունից»,- նշել է Գոհար Իսկանդարյանը:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` իրանագետը նկատել է, որ երկկողմ հարաբերությունները որակապես նոր հարթության են անցել հենց Ահմադինեջադի կառավարման տարիներին:

Իրանի ԿԸՀ կողմից հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն, Մահմուդ Ահմադինեջադը հաղթանակ է տարել առաջին փուլում` հավաքելով ձայների 62,6%, Մուսավին` 33,75%, Մոյսեն Ռեազին` 1,7%, Մեհդի Կարրուբին` 0,85%: