18 դեկտեմբերի 2025 - 10:23 AMT
Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթքը Բյուրականի փոխարեն կանցկացնեն Մայր Աթոռում

Արագածոտնի թեմի հոգևորականների համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այդ մասին ասվում է թեմի ֆեյսբուքյան էջում։

«Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը:

Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։

Արագածոտնի թեմի հայտարարությանը հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։