18 դեկտեմբերի 2025 - 14:11 AMT
Վարչապետ․ 10 եպիսկոպոսի գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով եպիսկոպոսների կոչին, ասել է, որ 10 եպիսկոպոսի գործողություններն ինքը չի ուղղորդում, բայց ողջունում և աջակցում է, հայտնում է 1lurer.am-ը։

Նա նաև աղանդավոր է անվանել Ամենայն Հայոց կաթողիկոսին։

«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից: Ես արդեն իմ դիրքորոշումն ասել եմ, որ Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են և եղծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը»,–ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ 10 եպիսկոպոսներն Էջմիածնի միաբաններ են։

«Այսինքն Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են, հետևաբար իրենց հնչեցրած հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում, բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա, ըստ էության, իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է, և իրենք ունեն լեգիտիմություն իրենց հետևորդներին, և նրանք թեմակալ առաջնորդներ են, և իրենց թեմերի հավատացյալներին հրավիրել:

Խոսքը Արարատյան թեմի առաջնորդի մասին է, Արմավիրի թեմի առաջնորդի մասին է, Մասյացոտն թեմի առաջնորդի մասին է, այսինքն իրենք, ըստ էության, գործում են իրենց թեմում: Այսպիսով նրանց գործողությունները լեգիտիմ են: Նաև շատ է հնչում, որ որոշակի հարցադրումներ են արվում՝ ինչն է կապում ինձ 10 եպիսոկոպոսի հետ. միայն և միայն, բացառապես օրակարգը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման օրակարգը, և մի հարցում և էլի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգն անհնար է իրականացնել առանց Կտրիճ Ներսիսյանի հեռացման Մայր Աթոռից:

Հաջորդը՝ ասում եմ, որպես ՀՀ վարչապետ, մենք արդեն բավականին երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել. Կտրիճ Ներսիսյանի որևէ որոշում ՀՀ-ն չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է. օրինակ՝ Տեր Արամ Ասատրյանը շարունակում է ՀՀ-ի համար լինել Տեր Արամ Ասատրյան և Կտրիճ Ներսիսյանի որոշումը՝ նրան կարգալույծ անելու մասին, մենք չենք ընդունել, և մենք շարունակում ենք Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադեին, Տեր Տարոնին համարել գործող հոգևորական:

Խնդիրն այն է, որ մենք բոլորս՝ ես էլ, 10 եպիսկոպոսն էլ ընդունում ենք, որ մենք բոլորս մեղավոր ենք Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու ճգնաժամի համար և պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար: Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցում ճգնաժամ է, և այդ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի: Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ Մայր Աթոռից: Այսօր կհեռացվի Մայր Աթոռից, ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօր. բոլոր դեպքերում առաջին քայլը դա է: Սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է մեր և 10 եպիսկոպոսի:

Ես ուզում եմ 10 եպիսկոպոսին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար: Որովհետև հեշտ չէ անել այն, ինչ-որ իրենք անում են: Ես աջակցում եմ և կաջակցեմ բոլոր հնարավոր օրինական և քրիստոնեական հավատքի վրա հիմնված միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև բացառել է բախման որևէ հնարավորություն։

«Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմը և հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու համար օրենքով սահմանված կարգով»,–ասել է վարչապետը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։