15 հունիսի 2009 - 22:39 AMT
Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների խոսնակները զրուցել են միասնական ազգային նպատակների շուրջ
Հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Ողջունելով իր արցախցի գործընկերոջը Հայաստանի խորհրդարանում` Հ. Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հատկապես աշխուժացել է շփումը Հայաստանի եւ Արցախի օրենսդիրների միջեւ, որը թույլ է տալիս փոխադարձաբար հստակեցնել դիրքորոշումները հանուն միասնական ազգային նպատակների: Այդ համատեքստում նա հատկապես կարեւորեց մասնագիտական հանձնաժողովների միջեւ ուղղակի կապերի զարգացումը: Հ.Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի:

Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց այն կապակցությամբ, որ հայոց երկու օրենսդիր մարմիններն օգտագործում են յուրաքանչյուր առիթ համագործակցելու համար: Նա եւս կարեւորեց Միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաեւ երկու խորհրդարանների մասնագիտական հանձնաժողովների միջեւ անցկացվող ուղղակի քննարկումները, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվում ազգաբնակչությանն անհանգստացնող օրախնդիր հարցերին:

Այնուհետեւ զրուցակիցներն ունեցան առանձնազրույց, որի ընթացքում քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: