22 դեկտեմբերի 2025 - 12:51 AMT
Մոտ 3800 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել, մոտ 5500 դիմում՝ մերժվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից 9284-ը դիմում է ներկայացրել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին մասնակցելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

«Դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 3794-ը ստացել է հավաստագիր, իսկ 5490 ընտանիքի դիմում մերժվել է»,- նշված է պատասխանի մեջ։

Հատկացված հավաստագրերից արդեն իրացվել է 1626-ը։ Դրանց զգալի մասը՝ 1463-ը, օգտագործվել է բնակարան ձեռք բերելու նպատակով, 12-ը՝ կառուցապատման համար, իսկ 151-ը՝ առկա հիփոթեքային վարկերի մարումն իրականացնելու համար։

Ըստ նախարարության ներկայացրած տվյալների՝ հավաստագրերով ամենաշատ բնակարանային գործարքները կատարվել են Կոտայքի մարզում՝ 379 հատ։ Երկրորդ տեղում Երևանն է՝ 311, իսկ երրորդը՝ Արմավիրի մարզը՝ 270 հավաստագրով։ Ամենաքիչ օգտագործված հավաստագրերն արձանագրվել են Արագածոտնի և Տավուշի մարզերում՝ համապատասխանաբար 40-ական, իսկ Վայոց Ձորում՝ 26։

«2025 թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից ծրագրի շրջանակում վճարվել է մոտ 2․6 մլրդ դրամ, որն ուղղվել է ծրագրի 3 բաղադրիչներով սահմանված վճարումներին, դրական մնացորդի շրջանակում տրամադրված վերանորոգման վարկերի ու գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման վարկերի մարումներին, կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարների փոխհատուցմանը, կառուցապատման նպատակով հողամասի ձեռքբերմանը»,- հայտնել են նախարարությունից։

5490 մերժված դիմումներից շատերի մերժման հիմնական պատճառները հետևյալն են՝ դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է 2020 թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված և միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից գրանցված անձանց շտեմարանում, ՀՀ քաղաքացիության բացակայություն, ինչպես նաև այն հանգամանքը, որ դիմողը կամ ընտանիքի անդամն արդեն ունի անշարժ բնակելի գույք ՀՀ-ում կամ հանդիսանում է այլ պետական աջակցության ծրագրի շահառու։

Ծրագիրը սկսվել է 2024 թվականի հունիսին։ Դրանում նշվում է, որ 242 բնակավայրում տուն ձեռք բերելու դեպքում տրամադրվում է 5 միլիոն դրամի աջակցություն մեկ անձի հաշվով, 142 բնակավայրում՝ 4 միլիոն դրամ, իսկ մնացած վայրերում, ներառյալ Երևանը (բացառությամբ 1-ին և 2-րդ գոտու), տրվում է 3 միլիոն դրամ։ Սահմանված աջակցությունների չափերը որոշվել են՝ հիմնվելով 2023 թվականին անշարժ գույքի շուկայում իրականացված առուվաճառքի գործարքների վիճակագրության վրա։