23 դեկտեմբերի 2025 - 11:21 AMT
Վարչապետը՝ Պուտինին․ TRIPP–ի հարցում կան բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են ՌԴ հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀ–ն ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ է վարում ԱՄՆ հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ:

«Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Եվ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը»,–ասել է Փաշինյանը:

Նա նաև ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր, որ ՌԴ–ն պատրաստ է խորհրդակցությունների Հայաստանի հետ «Թրամփի ուղի» նախագծի պարամետրերի և Մոսկվայի հնարավոր մասնակցության շուրջ։ Կալուգինը նաև ասել է, որ, ըստ էության, ճանապարհն անցնելու է մեծամասամբ ռուս սահմանապահների պատասխանատվության գոտիով։