
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվի։ Կառավարությունը հաստատել է ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով վերանայվել է մինչ այժմ գործող կարգավորումը։
Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով նախատեսվում է, որ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության և դրանց սպասարկման նպատակով։ Նոր նախագծով առաջարկվել է հրաժարվել այդ մոտեցումից, հայտնում է Sputnik Արմենիան։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ նման կարգավորումը այլևս նպատակահարմար չի համարվել, քանի որ նույն օրենսգրքում արդեն իսկ առկա է այլ մեխանիզմ։ Խոսքը Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի մասին է, որով սահմանվում է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրումը՝ առանց մրցույթի։ Այսինքն՝ օրենսդրական դաշտում արդեն գոյություն է ունեցել հնարավորություն հող տրամադրել՝ առանց այն սեփականության փոխանցելու։
Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը, ինչի արդյունքում պետության կամ համայնքների հողերը այլևս չեն տրամադրվի սեփականության իրավունքով։ Դրանք տրամադրվելու են միայն օգտագործման իրավունքով։
Ըստ հիմնավորման՝ փոփոխության նպատակը չի եղել որևէ կառույցի գործունեության սահմանափակումը, այլ հողերի օգտագործման առավել ճկուն և վերահսկելի համակարգի ապահովումը։
«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։«Շողակաթը» փակվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։