25 դեկտեմբերի 2025 - 16:12 AMT
Վարչապետը՝ երկաթուղու մասին․ Կարող ենք որոշ հատվածներ հետ վերցնել ՌԴ կոնցեսիայից և նորոգել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ՌԴ կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղու որոշ հատվածներ և իր միջոցներով վերանորոգել։

«Մեք կարևոր ենք համարում այս փուլում Տավուշի հատվածում՝ մինչև «Իջևան» երկաթուղային կայարանը ներառյալ, վերականգնման աշխատանքներ իրականացնելը։ Նաև Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև Ախուրիկ գործող երկաթուղային հատվածի վերականգնումը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան Նախիջևանի սահմանից մինչև Երասխ վերականգնման աշխատանքների իրականացումը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա հույս է հայտնել, որ ՌԴ գործընկերներն այդ աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։

«Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, քանի որ գիտենք, որ այդ հատվածները ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները ետ վերցնել կոնցեսիայից և մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի, որ ՌԴ-ն պատշաճ ժամանակում այդ աշխատանքները իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի, կամ որևէ խնդիր է տեսնում»,- ասել է Փաշինյանը։

Նախորդ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանն ասել էր, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ արծարծվել են նաև այդ հարցերը։ ՀՀ երկաթուղիների կառավարիչը 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը: