17 հունիսի 2009 - 15:12 AMT
Հայաստան. Չորս չինացի մասնագետներ են զոհվել Հրազդանի ՋԷԿ-ում վերանորոգման աշխատանքների ժամանակ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն իր խորին ցավակցությունն է հայտնել հունիսի 16-ին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում դժբախտ պատահարի զոհ դարձած չինացի մասնագետների մահվան կապակցությամբ:

«ՀայՌուսգազարդ» ընկերության եւ անձամբ իր անունից Կ. Կարապետյանը ցավակցել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ցզյուին Խունին` խնդրելով անկեղծ վշտակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին:

Նախօրեին Հրազդանի ՋԷԿ-ում ընթացող վերանորոգման աշխատանքների ժամանակ հինգերորդ էներգաբլոկի աշտարակում զոհվել են չորս չինացի մասնագետներ: Ողբերգության պատճառը, ըստ ՀՀ ԱԻՆ եղել է տեխնիկայի անվտանգության կանոնների խախտումը:

Չորեքշաբթի Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը «Հրազդան-5« էլեկտրակայանի կառուցման արտոնագիր է տրամադրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին: Էներգաբլոկի շահագործումը թույլ կտա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին զգալի ներկայություն ապահովել հայկական շուկայում եւ հնարավորություն կտա ավելացնել էլեկտրաէներգիայի առաքումները հարեւան երկրներ: