5 հունվարի 2026 - 12:02 AMT
Փաշինյանն ու 10 հոգևորական կոչ են արել միանալ ՀԱԵ բարեփոխմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը:

Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

Հայտարարության նախաձեռնողները դիմել են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևորականներին ու հավատացյալներին՝ կոչ անելով սատարել նախաձեռնությանը, միանալ բարենորոգման գործընթացին։

Վարչապետը ներկայացվել է Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը․

Բարենորոգման օրակարգի հանրայնացում

Եկեղեցու փաստացի առաջնորդի հեռացում

Կաթողիկոսական տեղապահի ընտրության կազմակերպում

Եկեղեցու նոր կանոնադրության ընդունում

Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն

Ավելի ուշ Փաշինյանը հրապարակել է նաև հայտարարության գրավոր տարբերակը։

Նա նաև հայտարարել է, որ հունվարի 6-ին, ժամը 13:30-ին, նախաձեռնել է ուխտերթ, որը մեկնարկելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուց դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցին։

Նույն օրը նա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվելու Սուրբ Ծննդյան պատարագին։

Նա շեշտել է, որ երթը խաղաղ է լինելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։