17 հունիսի 2009 - 19:52 AMT
ԱՄՆ-ում պաշտպանու՞մ են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը
Սպիտակ տան վարչակազմը պաշտպանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պատասխանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ ենթահանձնաժողովի նախագահ Ռոբերտ Վեքսլերի հարցին այն մասին, թե ինչպես է պետդեպարտամենտը մտադիր ղեկավարել հայ-թուրքական մերձեցման ուղղությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA), Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ապրիլի 22-ի հայ-թուրքական համաձայնության մեջ գոյություն ունի նախկինում բազմիցս քննարկված, բայց հրապարակավ չհնչած կետ երկու երկրների միջեւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին:

«Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկու տարբեր, բայց զուգահեռ ընթացող գործընթացներ են: Երեւանը եւ Անկարան պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հիմքերի մասին, որոնք ներառում են բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչպես նաեւ համատեղ հանձնաժողովների ստեղծում, այդ թվում եւ պատմական: Մենք պաշտպանում ենք այդ գործընթացը»,- հայտարարել է ԱՄՆ» պետքարտուղարի տեղակալը: