17 հունիսի 2009 - 22:00 AMT
Իրանի հետընտրական իրադրությունը չի սպառնում հայկական համայնքին
Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով ազգային-կրոնական փոքրամասնություն, առանձնապես չեն խառնվում երկրի ներքին քաղաքականությանը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հունիսի 17-ին հայտնել է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն, իրանագետ Սեւակ Սարուխանյանը: «Իրանի հայերին ոչինչ չի սպառնում: Նրանք մտադիր չեն մասնակցել հետընտրական գործընթացներին, քանի որ երկու թեկնածուներին էլ օժանդակում են»,- ընդգծել է Սարուխանյանը:

Նա ավելացրել է, որ ինչպես նախագահ Մահմուդ Ահամդինեջադը, այնպես էլ նրա հակառակորդ Միր-Հոսեյն Մուսավին բարձր են գնահատում հայկական համայնքի դերը: Իրանագետի խոսքով, Ահմադինեջադը նախագահության տարիներին ամեն կերպ աջակցում էր հայկական համայնքին եւ անգամ երկրի պետբյուջեից միջոցներ հատկացնում համայնքի համար մշակութային, կրթական ծրագրերի իրականացման նպատակով: