19 հունիսի 2009 - 00:36 AMT
Նորընտիր ավագանին ընդունեց Երեւանի ավագանու կանոնակարգը
Այսօր կայացել է Երեւանի ավագանու արտահերթ նիստը: Նիստին մասնակցելու համար Բարգավաճ Հայաստան եւ Հայաստանի հանրապետական կուսակցություններից գրանցվեց ավագանու 47 անդամ: Ինչպես նախորդ նիստին, այս անգամ նույնպես ՀԱԿ-ը չէր ներկայացել:

Օրակարգի գլխավոր հարցը Երեւանի ավագանու կանոնակարգի ընդունումն էր:Ավագանու կանոնակարգը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Կանոնակարգի համաձայն` ավագանու հաջորդ նիստի ժամանակ կձեւավորվեն մշտական հանձնաժողովներն ու խմբակցությունները:


Ավագանին գործում է կանոնակարգին համապատասխան` նստաշրջանների, նիստերի, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքների միջոցով: Կանոնակարգի առաջարկվող տարբերակով նիստերը կգումարվեն ամիսը երկու անգամ, կձեւավորվի 4 մշտական հանձնաժողով: Ձեւավորվելու են խմբակցություններ. ըստ ավագանու ընտրությունների արդյունքների` դրանք երեքն են` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀԱԿ: Կարճատեւ քննարկումից հետո ավագանին միաձայն ընդունեց կանոնակարգը: