
Փետրվարի 7-ին Դիլիջանի Կալինինի 5 հասցեում կբացվի Հայաստանի համար եզակի Հայկական գործվածքի թանգարանը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։
Դիլիջանում գործող Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը վերածվել է գործվածքի թեմայով մասնագիտացված թանգարանի՝ նոր հայեցակարգով ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի դարավոր ավանդույթներն ու դրանց զարգացումը։
Նոր ցուցադրությունը տեղակայված է 1896 թվականին կառուցված պատմամշակութային նշանակության շենքում, որը կապված է հայ մշակույթի հայտնի գործիչների գործունեության հետ։ Թանգարանի նպատակն է վերաիմաստավորել գործվածքի դերը՝ դիտարկելով այն որպես հայ ինքնության, ոչ նյութական մշակութային ժառանգության և համայնքային զարգացման կարևոր տարր։
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը հիմնվել է 1979 թվականին Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը, և այն ժամանակին ծառայել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոց։ Ավելի ուշ վերջին բնակիչը՝ Հովհաննես Շարամբեյանը, նախաձեռնել է շենքի վերափոխումը թանգարանի՝ նվիրելով իր անձնական հավաքածուն։ Թանգարանի հավաքածուն համալրվել է նաև Սերիկ Դավթյանի և Դիլիջանում գործող վարպետների գործերով։ Թեև թանգարանում ներկայացվել են տարբեր ճյուղեր, սակայն կենտրոնական տեղ է հատկացվել գործվածքին՝ ասեղնագործությանը, ժանյակին, գորգագործությանը։
Հովհաննես Շարամբեյանը և Սերիկ Դավթյանը համատեղ մշակել էին հայկական ասեղնագործության և ժանյակի վերածնման ծրագիր, որի հիմնական բաղադրիչը հենց թանգարանն էր։ Թանգարանի ձևավորման առաջին փուլից արդեն գործվածքը հանդիսացել է դրա առանցքային թեման, և միայն հետագայում են մյուս ժողովրդական արվեստի ճյուղերը սկսել ներկայացվել ավելի ընդգծված ձևով։
2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ շենքում մեկնարկել են վերականգնման աշխատանքներ։ Մինչ այդ, պետական ցուցակում ընդգրկված այս հուշարձան շենքը եղել է վթարային վիճակում։
Ներկայում Հայկական գործվածքի թանգարանը ցուցադրում է գորգեր, կարպետներ, ասեղնագործություն և ժանյակ՝ ներկայացնելով դրանց տարբեր դպրոցները, տեխնիկաները, զարգացման փուլերն ու կիրառման ձևերը։ Բացի Դիլիջանի թանգարանի նմուշներից, ցուցադրության մեջ ընդգրկված են նաև Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» հավաքածուներից ընտրված նմուշներ։
Նոր ցուցադրության մեջ հատուկ տեղ է տրված Հովհաննես Շարամբեյանի դիլիջանյան թեմատիկ գեղանկարներին, որոնք հանդես են գալիս որպես գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական դիմագիծն ու մթնոլորտը։ Թանգարանի մշտական ցուցադրության համադրողներն են Նարեկ Վան Աշուղաթոյանը (Շարամբեյանի թոռը) և գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը։
Թանգարանը միտված է դառնալ ոչ միայն ցուցադրական, այլև կենդանի մշակութային միջավայր։ Նախատեսվում է կազմակերպել վարպետության դասեր, բացօթյա միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ, ավանդական տոների ու ծեսերի ներկայացումներ՝ ուղղված ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը։ Թանգարանը կարևորում է նաև կրթական բաղադրիչը՝ դառնալով ուսումնական ռեսուրս ինչպես դպրոցականների և ուսանողների, այնպես էլ ավելի լայն հանրության համար։
Մասնագիտացված ցուցադրությունը կոչված է խթանելու Դիլիջանի զբոսաշրջային գրավչությունը՝ ապահովելով ժամանակակից թանգարանային փորձ՝ հստակ կառուցվածքով ու կոմպակտ տարածքով։ Այցելուներին հնարավորություն կտրվի համապարփակ պատկերացում կազմել հայկական գործվածքի մշակույթի մասին՝ կարճ ժամանակում։
Հայկական գործվածքի թանգարանը նպատակ ունի ձևավորվել որպես Դիլիջանի մշակութային ակտիվ կենտրոն՝ միավորելով պատմությունն ու արվեստը, կրթությունն ու համայնքային զարգացումը։