19 հունիսի 2009 - 17:14 AMT
Հայաստանում նորակառույցները բավական սեյսմակայուն են
«Հայաստանում նորակառույցները բավական սեյսմակայուն են: Թեեւ չի կարելի ասել այդ շենքների մասին խոսել որպես մեկի, քանի որ յուրաքանչյուրն իր նախագիծն ունի»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԻՆ կից փրկարարական ծառայության ղեկավարի խորհրդական, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: Նրա խոսքերով, նոր շենքերը բացարձակ անվտանգ են, քանի որ շինարարության ժամանակ նոր տեխնոլոգիա է կիրառվել. մի քանի շենքների հիմքերում նույնիսկ դրվել են սեյսմակայուն բարձիկներ, որոնք երկրաշարժի ժամանակ թուլացնում են ցնցումների ուժը:

Իր հերթին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրենի տեղակալ Հրաչյա Պետրոսյանն ավելացրել է, որ չի կարող նույնն ասել 1960-ականներին կառուցված շենքների մասին, քանի որ այդ ժամանակ շենքերի սեյսմակայունությունը չէր ուսումնասիրվում, առաջին անգամ սեյսմակայուն շենքներ կառուցվել են 1970-80-ականներին: Միաժամանակ, հին շենքերը բավական ամուր են, եւ անկայունության պատճառ կարող են հանդիսանալ նոր ենթակառույցները:

Պետրոսյանը նաեւ ասել է, որ չի կարող երաշխավորել բոլոր նորակառույցների սեյսմակայունությունը, քանի որ դրանցից մի քանիսում հետազոտություններ չեն անցկացվել, ավելացնելով, որ խոշոր շինությունների սեյսմակայունության ստուգումն անցկացվում է պատվերի դեպքում, քանի որ դա կապված է բավական լուրջ գումարների հետ: