19 հունիսի 2009 - 19:02 AMT
Հայաստանի սուսերամարտի հավաքականը Բուլղարիայում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը
Հայ սուսերամարտիկներ Միքայել Ղազարյանը եւ Արկադի Մուրադյանը պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու հուլիսի 13-19-ը Պլովդիվում (Բուլղարիա): Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Մուրադյանը եւ Ղազարյանը մինչեւ Եվրոպայի առաջնությունը մասնակցելու են 25-րդ ամառային համաշխարհային Ունիվերսիադային, որը տեղի է ունենալու հուլիսի 1-12-ը Բելգրադում (Սերբիա):

«Ես հուսով եմ, որ մեր սուսերամարտիկները հաջող ելույթ կունենան Եվրոպայի առաջնությունում եւ կմտնեն առաջին 32 սուսերամարտիկների շարքը: Այդպիսի արդյունքը մեզ համար մեծ հաջողություն կլինի: Իսկ տվյալ պահին նրանք ակտիվ մարզվում են»,- նշել է Մադոյանը:

Հայ սուսերամարտիկներն առաջիկա մրցաշարերում հանդես են գալու հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Արազյանի ղեկավարությամբ: Իսկ Ունիվերսիադային Հայաստանի կողմից բացի վերոնշյալ մարզիկներից ելույթ է ունենալու Ռաֆայել Հունանյանը (սուսեր):

Հայաստանի հավաքականը Բելգրադ է ժամանելու 2009-ի հունիսի 30-ին: