14 փետրվարի 2026 - 11:23 AMT
Փաշինյան. Lուծումն այն է, որ ՌԴ-ին ու ՀՀ-ին բարեկամ մի երկիր գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երկաթուղու հարցին, հայտարարել է, որ, իր կարծիքով, լուծումն այն է, որ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, ՌԴ-ից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը, հայտնում է Արմենպրեսը:

«Թրիփի շրջանակներում հիմա կան ուժեր, որ ասում են` եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, շրջանցի Հայաստանը, ասում են՝ տեսեք՝ Հայաստանի երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է։ Ցավոք սրտի, Ռուսաստանի և շատ երկրների հարաբերություններ սուր են, բայց մենք ասում ենք, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և Ռուսաստանը չի ցանկանում և խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։ Սրա մասին ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ստեղծված պայմաններում Հայաստանը կորցնում է իր ռազմավարական դիրքերն ու մրցակցային առավելությունները։

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և ՌԴ հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ-ն, Քաթարը կամ որևէ այլ երկիր, երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Երասխ և Ախուրիկ հատվածների վերակառուցմանը, որի շուրջ բանակցելու պատրաստակամություն էր հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ապա Փաշինյանը Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չի տեսնում:

«Նախ ես ողջունում եմ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, բայց մյուս կողմից՝ մեկ դեպքում՝ խոսքը մոտավորապես 3 կիլոմետրի մասին է, մյուս դեպքում՝ 1 կիլոմետրի մասին է։ Դա այնպիսի թեմա չէ, որ բանակցենք, վերաբանակցենք, քննարկենք, ի՞նչ կա բանակցելու։ Երկաթուղի է, էլի եմ ասում՝ դա լիներ մեծ ներդրումային ծրագիր, լիներ 50 մլն դոլարի ծախս... պարզ բան է, պետք է 1 կմ մի տեղ կառուցել, 3 կմ մի տեղ կառուցել։ Մինչև մենք սա անենք, այլընտրանքային երկաթուղին կկառուցվի, կասենք՝ վայ, Հայաստանն էլի շրջանցվեց։ Ոչ, բանակցելու բան չկա, կառուցենք, հետո կբանակցենք»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կմասնակցի Հայաստանի տարածքից դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածների վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Խոսքը վերաբերում է Երասխ քաղաքի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, ինչպես նաև Ախուրյան գյուղի շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանին գտնվող գծերին: