20 հունիսի 2009 - 00:17 AMT
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Իրան
Հունիսի 20-ին երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Այդ մասին ասվում է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Պատվիրակության կազմում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հարություն Փամբուկյանը, Սուրիկ Պողոսյանը, Վարդան Բոստանջյանը, Արտյուշ Շահբազյանը, Սերյոժա Աբրահամյանը, Վարդան Խաչատրյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք: Թեհրանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները հարգանքի տուրք կմատուցեն Իմամ Խոմեյնիի հիշատակին, կայցելեն «Ֆարհանգսարայե Մելալ» զբոսայգի, որտեղ տեղի կունենա Իրան-Հայաստան բարեկամության ծառատունկի արարողություն, կայցելեն Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան, «Արարատ» մարզամշակութային ակումբում կհանդիպեն իրանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանությունում հանդիպում կունենան Թեհրանում աշխատող ՀՀ դիվանագետների հետ: