20 հունիսի 2009 - 18:00 AMT
Թեթեւ ատլետիկայի Հայաստանի հավաքականն այսօր մեկնարկում է Եվրոպայի թիմային առաջնությունում
Թեթեւ ատլետիկայի Հայաստանի հավաքականն այսօր մեկնարկում է Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ թիմային առաջնությունում (3-րդ խումբ), որը տեղի կունենա 2009 թվականի հունիսի 20-21-ը Բոսնիայի եւ Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում:

22 մարզիկից (10 կին եւ 12 տղամարդ) բաղկացած հավաքականը Սարաեւո է մեկնել հունիսի 17-ին հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի ղեկավարությամբ:

Մրցաշարին մեկնելուց առաջ, Միշա Հայրապետյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է, որ Հայաստանի հավաքականը լավ մարզավիճակում է գտնվում, սակայն այժմ անմիաստ է առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնելու հույսեր փայփայել:

«Առանձին մարզիկներ կարող են հաջողության հասնել, սակայն թիմային ստուգարքում, կարծում եմ, տեղ կզբաղեցնենք մրցաշարային աղյուսակի միջին մասում: Իսկ հաջորդ խմբին անցնելու համար մեզ հարկավոր է զբաղեցնել առաջին կամ երկրորդ տեղը», - ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Եվրոպայի թիմային առաջնությունն ընդգրկում է 4 խումբ. Սուպերլիգա (Պորտուգալիա), Առաջին խումբ (Նորվեգիա), Երկրորդ խումբ (Սլովակիա) եւ երրորդ խումբ (Բոսնիա):

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է երրորդ խմբում Մոլդովայի, Իսրայելի, Դանիայի, Բոսնիայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Ադրբեջանի, Չեռնոգորիայի, Եվրոպայի փոքր պետությունների, Ալբանիայի, Անդորայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ միասին: