22 հունիսի 2009 - 15:48 AMT
Լոնդոնի հայկական եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը
Լոնդոնում մեծ հաջողությամբ է անցել հայ երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Գրիգորյանի պատարագի առաջին կատարումը: Առաջին ելույթը տեղի ունեցավ Բրիտանիայի մայրաքաղաքի հայկական եկեղեցիներից մեկում: Հինգ մասից բաղկացած ստեղծագործությունը երգչախմբի ու երգեհոնի համար կատարել է սբ.Եղիշեի եկեղեցու երգչախումբը հայտնի անգլիացի երաժիշտ Վիլյամ ՄըքՎիկարի ղեկավարությամբ: Ներկաների թվում էին Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը եւ Անգլիայի հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, որոնք ջերմորեն ընդունեցին Գրիգորյանի ստեղծագործությունը` նշելով նրա երաժշտության խորությունը, թարմությունը եւ մեղեդայնությունը:

Տիգրան Գրիգորյանը Լոնդոնի Trinity College of Music կոնսերվատորիայի դաշնամուրի ու կոմպոզիցիայի բաժնի ուսանող է: Դալիչի պատարագը, որն այդպես է կոչվում Լոնդոնի այն թաղամասի պատվին, որտեղ նա բնակվում է, դարձավ նրա առաջին խոշոր ստեղծագործությունը: Նա սկսել է երաժշտություն գրել 18 տարեկանում, Թագավորական երաժշտական քոլեջում ուսանելու տարիներին: «Ես սկսել եմ պատարագը գրել 2007թ. սբ. Վառվարեի եկեղեցու երգչախմբի համար»,-պատմել է երաժիշտը PanARMENIAN.Net-ի թղթակցին: Ըստ նրա, ամենից երկար նա աշխատել է կոմպոզիցիայի «Գլորիա» կոչվող երկրորդ մասի վրա: