
Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր հարգանքն ու երախտագիտությունն է հայտնել արցախցի Արմինե Մոսիյանին, որը մետրոյում հակադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խոսել Արցախ վերադառնալու իրավունքի մասին:
Մարտի 22-ի առավոտյան մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել մանկահասակ որդու հետ երթևեկով կնոջը, սակայն կինը հրաժարվել է՝ ասելով․ «Մենք ուրիշ քարտեզ ունենք»: Փաշինյանը խոսակցության ընթացքում ասել է․ «Որևէ մեկդ այս քարտեզի մասին քամահրանքով չխոսեք, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։
Բեգլարյանը նշել է, որ պատմությունը «կգնահատի, թե ում երեսից և ինչից են փախել»:
«Իսկ Արցախի ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման ալիևյան հանցագործությանը ամենաշատ օժանդակած հայը (էլ չասեմ՝ պետության «ղեկավարը») պարզապես իրավունք չունի մուննաթ գալու իրենց բնական իրավունքների ու հույզերի մասին խոսող արցախցիների վրա, հլը մի հատ էլ մեզ անվանի «փախածներ»:
Թե ում երեսից և ինչից ենք փախել (այն էլ՝ լքված ու միայնակ կերպով արժանապատվության մարտ տալուց հետո), դեռ պատմությունը կգնահատի:
Իսկ արցախցի «քույրերի ու եղբայրների» ինտեգրման մասին ո՞վ էր մի քանի օր առաջ խոսում, հանձնարարություններ ու խոստումներ շռայլում: Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով...
Ահա հերթական ապացույցը, թե ում կողմից է այս տարիների ընթացքում կառավարվել արցախցիների դեմ ատելության քարոզը իշխանական ու պետական ալիքներով և թե ինչու գեթ մեկ անձ պատասխանատվության չի ենթարկվել այդ հանցագործությունների համար՝ ի տարբերություն իրենց նախընտրած ու պատվիրած դրվագների, ինչի համար կին ու երեխա էլ են բերման ենթարկում, մարդկանց ասֆալտին էլ են փռում ու հասցնում մահվան դուռը:
Հ.Գ. Հորդորում եմ բոլոր սրտացավ անձանց այս օրերին առանձնահատուկ կերպով արձանագրել արցախցիների դեմ ատելության, խտրականության, անհանդուրժողականության ու թշնամանքի քարոզի և բռնության գործադրման հրապարակային կոչերի դեպքերը և հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին»,գրել է Բեգլարյանը:
Բագրատ սրբազանը նամակ է հղել Արմինե Մոսիյանին՝ արտահայտելով իր աջակցությունն ու գնահատանքը նրա դրսևորած դիրքորոշման համար։
«Շատ սիրելի' Արմինե, աԱմբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը:
Աստծո կամոք թե' Ձեր զավակը, և թե' մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը:
Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը:
Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր:
Չե'մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան, 9ե'մ ներելու հանուն Քեզ, Արցախ...Հաղթանակն այլընտրանք չունի...Սիրով և աղոթքով` Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան»,-ասվում է նամակում:
Աբովյան քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացման ընթացքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ևս արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ կապված միջադեպին մետրոյում, հայտնում է «Փաստինֆոն»:
Նարեկ Կարապետյանը նշել է, որ շրջափակման մեջ գտնվող արցախահայերը ինն ամիս շարունակ դիմացել են սովին և տարբեր դժվարություններին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո, հանրային դժգոհության ալիքի պայմաններում, թաքնվել է բունկերում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն է հրավիրել Արմինե Մոսիյանին՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելու: Մոսիյանը 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է: