23 հունիսի 2009 - 11:36 AMT
Մոսկվայում այլատյացության եւ ծայրահեղականության դեմ ուղղված լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում
2009թ. հունիսի 22-ին տեղի է ունեցել Մոսկվայի կառավարությանը կից նորաստեղծ Ազգությունների գործերով խորհուրդի առաջին նիստը: Խորհուրդը ստեղծվել է նախկինում գործող Ազգամիջյան խորհրդատվական խորհդրի փոխարեն: Նիստը վարում էր Խորհրդի նախագահ, Մոսկվայի փոխքաղաքապետ Սերգեյ Բայդակովը: Քննարկվել են Մոսկվայի կառավարությանը կից Ուսանողական հայրենակցական միությունների ստեղծման ու այլատյացության եւ ծայրահեղականության դեմ ուղղված լրացուցիչ միջոցների ձեռնարկման հարցերը:
Ըստ Ազգությունների գործերի խորհրդի տեղակալ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանի, Խորհուրդը խոսիքց գործի է անցել: «Եթե նախկինում մենք քննարկում էինք այլատյացության լինել չլինելու խնդիրը, այսօր մենք քննարկել ենք կոնկրետ մեխանիզմներ: Ազգային քաղաքականության համակարգողներ նշանակելով Սերգեյ Բայդակովին ու Միխաիլ Սոլոմենցեւին, Լուժկովը զգալի ներդրում ունեցավ իր թեզն իրականացնելու գործով, որի համաձայն բազմազգությունը Մոսկվայի հարստությունն է»,-ասել է Խալաթյանը:
Ինչպես նշում է Ռուսաստանի հայերի միության լրատվական կենտրոնը, Մոսկվայի բոլոր շրջաններում ստեղծվում են աշխատանքային խմբեր, որի կազմը միջգերատեսչական կլինի:
Ըստ ՌՀՄ երիտասարդական քաղաքականության գծով փոխնախագահ Լեւոն Մուքանյանի, այսօր տեսանելի է Մոսկվայի կառավարության սկզբունքային նոր մոտեցումն այլատյացության եւ ծայրահեղականության խնդիրների լուծմանն հարցում: Նման լուրջ աշխատանքը կարող է արդյունավետ լինել միայն մեր պատասխանատու քաղաքացիական դիրքորոշման եւ բոլոր հասարակական կազմակերպությունների համատեղ աշխատանքի շնորհիվ»,-ասել է Մուքանյանը: